Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Արյան ցածր ճնշում

Արյան ցածր ճնշում

Հիպոտոնիան օրգանիզմի այն տևական վիճակն է, որը բնորոշվում է զարկերակային ցածր ճնշմամբ: Արյան ցածր ճնշումը կամ հիպոտոնիան կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Սթրեսը, եղանակի փոփոխությունը, մագնիսական փոթորիկները, քնի քրոնիկ անբավարարությունն ազդում են արյան ցածր ճնշում ունեցողների վրա:

Հիմնականում հիպոտոնիան զարգանում է երիտասարդ տարիքում: Մշտական հոգնածությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, գլխացավը, անկայուն քունը, սրտխփոցը հիպոտոնիկների մշտական ուղեկիցներն են:

Ինչպե՞ս կարելի է պայքարել արյան ցածր ճնման ու դրա բոլոր դրսևորումների դեմ:

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ` դեղորայքային, ժողովրդական, քնի ու սննդի կարգավորում, մերսում:

Դեղորայքային բուժումը նպատակահարմար է, եթե նյարդային վեգետատիվ համակարգի խանգարումներ կան. հևոց, քնատություն, գլխացավ, գլխապտույտ, աչքերի առջև սև կետեր են առաջանում: Նման դեպքերում մեկ շաբաթ անընդմեջ` առավոտյան ու երեկոյան ստուգեք ճնշումը: Եթե ճնշումը 100/70-ի կամ 90/60 է, նշանակում է ցածր ճնշում ունեք: Եվ չնայած այն հանգամանքին, որ արյան ցածր ճշումն այլ դրսևորումներ էլ կարող է ունենալ, պետք է հիշել, որ յուրաքանչյուրի մոտ ախտանշաններն անհատական են:

Երբեմն ճնշումն իջնում է ժամանակավոր` եղանակի փոփոխությամբ պայմանավորված, այդ դեպքում պետք է փորձել քնել ու հանգստանալ: Իսկ եթե արյան ճնշումը մշտապես ցածր է նորմայից, սրտի շրջանում կա ծակծկոցի զգացում, անպայման պետք է բժշկի դիմել: Ինքնաբուժումը վտանգավոր է առողջության համար, քանի որ բոլոր թվարկված ախտանշանները կարող են մեկ այլ հիվանդություն մատնանշել: Ուստի շատ կարևոր է հետազոտվել և պարզել, թե արդյո՞ք ախտանշանների պատճառը որևէ հիվանդության առկայություն չէ:

Եփուկները, թուրմերն ու թեյն օգնում են բարձրացնելու օրգանիզմի ընդհանուր տոնուսը: Լավ ազդեցություն են ունենում մարդարմատի, մատատուկի թուրմերը: Դրանք կօգնեն կարգավորելու ճնշումն ու ազատվելու քնկոտությունից: Արյան ցածր ճնշում ունեցողները ցանկալի է սև կամ կանաչ որակյալ թեյ խմեն` կանոնավորելու տոնուսն ու ճնշումը: Սուրճը ցածր ճնշման դեպքում չարաշահելը նույնպես չի խրախուսվում: Չէ՞ որ սուրճն արագ բարձրացնում է ճնշումը, որը հետո կարող է կտրուկ իջնել, որի համար պետք է զգույշ լինել: Նորմալ ինքնազգացողության համար պետք է համալիր բուժում իրականացնել ու որակյալ քուն ունենալ, ակտիվ կենսակերպ վարել:

Հարկ է սննդի մեջ մեծ քանակով սպիտակուցներ ներառել` ձու, ձուկ, խաշած կրծքամիս, լյարդ: Ամենատարբեր աղցաններ, մրգեր, հյութեր, հացահատիկ ու հատիկավորներ ներառել օրաբաժնում: Քունը հիպոտոնիկների առողջ կենսակերպի կարևորագույն մասն է: Հիպոտոնիկները պետք է օրական առնվազն 9 ժամ քնեն: Բարձը պետք է հարմար լինի, ձիգ ու ոչ բարձր: Պետք արթնանալ աստիճանաբար, առանց կտրուկ շարժումների: Արթնանալուց հետո անկողնում կարճ ժամանակ նստած մնալուց հետո միայն պետք է վեր կենալ, այլապես կարող է գլխապտույտ առաջանալ: Նման դեպքերում պետք է ծոծրակի, պարանոցի, ողնաշարի մերսում կատարել: Բացի այդ, օգնում է միջնամատի ու ցուցամատի արանքի ու ճկույթի մերսումը, ինչը բարելավում է արյան շրջանառությունն ու հիվանդի ինքնազգացողությունը:

Շարժումն ու ակտիվ կենսակերպը դրական են ազդում հիպոտոնիկի տոնուսի վրա: Զբոսանքը, մարզանքը, լողը, սպորտով զբաղվելը բարելավում են ուղեղին թթվածնի մատակարարումը: Հետևաբար, չարժե տանը նստել: Թարմ օդն օգտակար է առողջությանը, բարերար է ազդում քայլելը: Հիպոտոնիայի ժամանակ պետք է ամեն ինչ հաշվի առնել` բուժումը, սնունդը, կենսակերպը, քունը պետք է ճիշտ ժամանակին լինեն ու ճիշտ չափաքանակով: Եվ միայն այդ դեպքում կարելի է հաղթահարել հիպոտոնիան կամ գոնե խնդիրները հասցնել նվազագույնի:

Ցածր ճնշումը նշանակում է, որ անբավարար քանակությամբ արյուն է մատակարարվում ներքին օրգաններին, արդյունքում` տևական գլխացավեր, գլխապտույտ, շուտ հոգնելու և աշխատունակության անկման վտանգ: Հիպոտոնիկների կյանքը գորշ երանգ է ստանում, անառողջ գերզգայունություն է առաջանում վառ լույսի, բարձր ձայների նկատմամբ, ու թվում է, թե դրա վերջը չի երևում: Նման վիճակները կարող են ամիսներ տևել, քանի դեռ ճնշումը չափելու միտք չի ծագել:

Մինչև 25 տարեկանների մոտ 100/60-ի, իսկ 25-ն անց մարդկանց մոտ 105/60-ի ցուցիչն այն «կարմիր գիծն» է, որից այն կողմ սկսվում են խնդիրները:

 

Քունքերի ու ծոծրակի բութ ցավերը, հաճախակի կամ բաբախյունով գլխացավերն ու գլխապտույտը, թուլությունն ու քնկոտությունը, հոգնածությունն ու աշխատունակության նվազումը, հիշողության թուլացումն ու ցրվածությունն արյան ցածր ճնշման ախտանշաններ են:

 

-  Հիպոտոնիկ տղամարդիկ, կանանց համեմատ, ավելի քիչ են: Նրանք հիպոտոնիայի պատճառով կարող են նաև պոտենցիայի նվազում ունենալ, իսկ կանայք` դաշտանային ցիկլի խանգարում:

 

-  Հիպոտոնիայով մարդիկ նկատում են եղանակային կախվածություն, երբ անձրևից հետո վատ եք զգում կամ ոչ սեզոնային տեղումները: Ձեր հարազատները ձեզ «բու» են անվանում, քանի որ երեկոյան ավելի ակտիվ եք, քան առավոտյան: Վաղ առավոտյան արթնացումը ձեզ համար խնդիր է, իսկ հոգնածությունը ձեր կյանքի անբաժան ուղեկիցն է նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր եք արթնացել: Ֆիզիկական ակտիվության ժամանակ առաջանում է հևոց, հաճախանում է ոսրտխփոցը,  ինչն այս պարագայում կապված չէ  սրտի հիվանդությունների հետ: Մաշկը լինում է գունատ, խանգարվում է ջերմակարգավորումը (սառը դաստակներ ու ոտնաթաթեր):


Բոլոր վերոնշյալ թվարկված ախտանշաններն արյան ցածր ճնշման վկայություններ են:

Արյան ցածր ճնշումը մի շարք պատճառներով է առաջանում, դրանք կարող են թե՛ հոգեկան և թե՛ ֆիզիոլոգիական ենթատեքստ ունենալ: Նույն` 100/60 ճնշում ունեցողները լիովին կարող են տարբեր կերպ զգալ: Մեկի համար դա կարող է տանելի լինել, իսկ մյուսը` ծայրահեղ վատ զգալ:

Մասնագետները տարբերում են հիպոտոնիայի առաջնային տեսակը, երբ այն ինքնուրույն հիվանդություն է, այսինքն` ոչ մի այլ հիվանդություն չի սադրում արյան ցածր ճնշում, և երկրորդայինը, երբ արյան ցածր ճնշումն ինչ-որ հիվանդության հետևանքով է առաջանում, օրինակ.

  • սրտանոթային.  սակավարյունություն, արյան շրջանառության խանգարումներ, սրտային անբավարարություն,
  • ստամոքս-աղիքային ու միզային համակարգի. ստամոքսի խոց, հեպատիտ, պանկրեատիտ, ցիստիտ, լյարդի ցիռոզ,
  • շաքարային դիաբետ ու ներզատիչ համակարգի հիվանդություններ, հատկապես` մակերիկամների ֆունկցիայի նվազում,
  • օստեոխոնդրոզ ողնաշարի պարանոցային հատվածում, ռևմատիզմ, գլխուղեղի վնասվածք,
  • տուբերկուլոզ ու շնչուղիների հիվանդություններ,
  • ալկոհոլամոլություն ու թմրամոլություն:


Ինչի՞ց սկսել` ձերբազատվելու հիպոտոնիայից: Փորձեք կարգավորել զգացմունքերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Առավոտը սկսեք սուրճով, սև կամ կանաչ թեյով: Օրվա ընթացքում դա կարելի է մի քանի անգամ կրկնել: Մի հրաժարվեք ֆիզիկական ակտիվությունից: Հիպոտոնիայի դեմ լավագույն միջոցը սպորտն է: Ամենակարևորը կամքի ուժն է ու առողջ լինելու ցանկությունը: Իսկ եթե դա կա, ուրեմն ցանկացած խնդիր հաղթահարելի է:

 

Ժողովրդական միջոցներ

Ալոճի թուրմ: 1 բաժակին` 1 լ ջուր: Պտուղները տրորել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 30 րոպե: Ընդունել օրական 4-5 անգամ` մեկական բաժակ, վերջինը` քնելուց առաջ:

Բուժիչ խառնուրդ կիտրոնից, մեղրից ու ծիրանաչրից: Վերցնել 1 կիտրոն, 2 բաժակ ծիրանաչիր, 2 ճաշի գդալ բաց գույնի գարեջուր, 3 ճաշի գդալ հնդկաձավարի մեղր: Կիտրոնն ու ծիրանաչիրն աղալ, ավելացնել մեղրն ու խառնել: Գարեջուրը պետք է ավելացնել ընդունելուց առաջ: Ընդունել 2 ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 30 օր:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ